Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը պնդում է, որ Արցախի նախագահական ընտրություններում վարչական ռեսուրս է օգտագործվում հօգուտ Արայիկ Հարությունյանի։
«Դա միայն Արցախում չէ, նաեւ Հայաստանի որոշ շրջանակների պաշտոնյաների կողմից է կատարվում։ Մենք գիտենք այդ շրջանակները, բարձրաձայնելու ենք այդ շրջանակների մասին։ Հիմա մենք կսպասենք եւս 7 օր, որից հետո հրապարակելու ենք այդ անուն-ասգանունները։ Նրանք խիստ պատասխան են տալու օրենքի տառին համահունչ»,-հայտարարեց Վիտալի Բալասանյանը՝ կոչ անելով նրանց ձեռնպահ մնալ, ընդհանրապես չխառնվել այս գործընթացներին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ օգտագործվում են վարչական ռեսուրսներ։ Նրա խոսքով՝ ինքը, նախագահի թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը եւ Աշոտ Ղուլյանը, հանդիպել են Բակո Սահակյանի հետ եւ այս հարցի վերաբերյալ քննարկում ունեցել։ «Շրջաններից՝ տարբեր կառույցների ղեկավարներից, ունեցանք համապատասխան տեղեկություն, որ ստացել են նմանատիպ հրաման, բայց հիմա եւս օգտագործվում է վարչական ռեսուրսներ, իհարկե ոչ բոլոր տեղերում։ Այդ խմբերն ամեն ինչ անում են, որպեսզի ազդեն իրենց ընտրողների վրա։ Ասում ենք ո՛չ։ Հիմա ի լուր բոլորին ասեմ, պատասխան են տալու բոլորը, սկսած հանրապետության նախագահից, վերջացրած բոլոր նրանցով, որոնք կփորձեն կամ փորձելու են մեր ընտրություններն ինչ որ ձեւով խաթարեն։ Պատասխան են տալու»։
Հարցին, թե մասնավորապես, ո՞ր թեկնածուի օգտին են օգտագործվում վարչական ռեսուրսները, Բալասանյանը պատասխանեց․ «Կան վարչական ռեսուրսներ, որոնք աշխատում են ի օգուտ Արայիկ Հարությունյանի։ Կան լուրեր, որ բաժանում են բարեգործություններ, մեկի տանիքն են փոխում, մյուսին ալյուր են բաժանում եւ այլն։ Մենք տեղյակ ենք պահել հանրապետության նախագահին եւ իրավապահ մարմիններին»։





























