Արցախում ընտրությունների ժամանակ ազդեցությունը կարող է տարբեր ձեւով լինել, բայց ի վերջո, բնակչությունն է ձայն տալիս այս կամ այն թեկնածուի օգտին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Արցախում կան ուժեր, որ ուզում են ընտրությունների վրա ազդեցություն ունենալ։
«Ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ, որքան էլ դա ծանր լինի ընդունել, բայց արժանի է իր իշխանությանը։ Չի լինում այնպես, որ իշխանությունը լինի վատը, իսկ ժողովուրդը լավը։ Ժողովուրդն է ընտրում այդ իշխանությանը, թող չընտրի։ Եթե գալիս քննադատում են, ասում են՝ կոռուպցիա է, սա է, նա է, հետո գնում են այդ նույն իշխանությանն ընտրում են։ Կամ ասում են՝ մեզ պետք են բանիմաց մարդիկ, բայց գնում են ոչ բանիմացների հետեւից։ Որեւէ մեկը որեւէ մեկին չի ստիպում, չի կարող ստիպել։ Արցախում երբեք այդպիսի բան չի եղել, ոչ էլ եղել են ընտրատարածքներում ինչ-որ խախտումներ։ Հարցն այլ է, թե ինչպես են մարդիկ իրենց ձայնը տալիս, ինչ սկզբունքներով են առաջնորդվում»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Նա հավելեց, որ իրենց՝ Արցախի պահպանողական կուսակցությունը հանդես է գալիս բացառապես գաղափարախոսական դիրքերից. «Մենք այստեղ տեսնում ենք շատ մեծ վտանգ, որ գաղափարախոսության փոխարեն գաղափարաՓՈՐություն է, այսինքն փորով են առաջնորդվում, ինչ-որ նյութական ակնկալիքներով։ Իսկ նման պայմաններում արդեն անիմաստ է խոսել վարչական ռեսուրսների օգտագործման մասին, թե ով է ազդում, ինչպես է ազդում։ Վերջապես մարդիկ են իրենց որոշումը կայացնում։ Ես չեմ ուզում, որ հասարակության մեծ մասը գաղափարաՓՈՐությամբ հանդես գա։ Եթե հասարակությունն այդ դիրքերից է հանդես գալիս, ուրեմն հասարակությունն իրոք շատ լուրջ հիվանդությամբ է տառապում»։





























