Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական 150-ամյա թատրոնի շենքը կվերանորոգվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը:
Նշենք, որ ապրիլի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ` Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուայի հետ: Վերջինս Պողոսյանին տեղեկացրել է, որ մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 1,2 մլն դոլար եւ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները:
Գայանա Դուրգարյանը չնշեց, թե կոնկրետ երբ են սկսվելու շինարարության աշխատանքները: Նրա խոսքով, շենքը գտնվում է վթարային վիճակում, պետք է կատարել ոչ միայն վերանորոգման, այլեւ շենքի ամրակայման աշխատանքներ: Թատրոնի շենքը կառուցվել է 1936 թ. եւ վերանորոգվել է 1 անգամ:
Ի դեպ, Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբը վրացական իշխանությունների ֆինանսական աջակցությամբ հյուրախաղերով կմեկնի ԱՄՆ` տեղի հայ համայնքի հրավերով:




























