Ապրիլի 23-ին, ժամը 00:05-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Սեւան ավտոճանապարհին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Վանատուր թաղամասի բնակիչ, 38-ամյա Մհեր Ստեփանյանը, վարելով Mercedes Benz 430 մակնիշի 50 ՏՍ 800 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված, 34-ամյա Սեւակ Վարդանյանին պատկանող ՎԱԶ-21093 մակնիշի 10 ՕԼ 828 համարանիշի եւ 34-ամյա Արամ Մանուկյանին պատկանող ԳԱԶ-2410 մակնիշի 68 ՏԼ 543 համարանիշի ավտոմեքենաներին:

Բախման հետեւանքով մեքենաների դիմաց կանգնած 33-ամյա Սայադ խաչատրյանը, 34-ամյա Հովիկ Մարգարյանը, 26-ամյա Վրեժ Վարդանյանը եւ 38-ամյա Գոռ Գեւորգյանը  եւ Սեւակ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի քաղաքային հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Չարենցավանի ոստիկանապետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ:

Ականատեսների փոխանցմամբ, մինչ ոստիկանների ժամանումը Mercedes-ի վարորդը ավտոմեքենայի վրայից հանել էր համարանիշները, իսկ արդեն դեպքի վայրում ոստիկաններին փորձում էր համոզել, որ մեքենան չտեղափոխեն Չարենցավանի ոստիկանության տուգանային հրապարակ: 

Օպերատիվ-քննչական խմբի ղեկավարի հանձնարարականով երեք ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին ոստիկանություն:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի