Կորոնավիրուսի պանդեմիան եւ դրա հետ կապված ձեռնարկված նախազգուշական միջոցները հանգեցրել են արդյունաբերական արտադրության դադարեցմանն ու երթեւեկության ինտենսիվության նվազմանը: Սա իր հետեւից հանգեցրել է մթնոլորտում վնասակար արտանետումների զգալի կրճատման, հայտնում է Naked-Science-ը:
Ըստ Հյուգոյի Դիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմեննի` նման ազդեցությունը կարող է անսպասելիորեն օգտավետ լինել մարդկության համար:

«Որքան էլ տարօրինակ չէ, սակայն ես կարծում եմ, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը կարող էր ավելի փոքր չարիք լինել, եթե հաշվի առնենք հավանական մահերն օդի աղտոտման հետեւանքով», - ասում է Ժեմեննը: Որպես փաստարկ գիտնականը նշում է ապացույցներն առ այն, որ Չինաստանում ամեն տարի ավելի քան միլիոն մարդ է մահանում օդի աղտոտման հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում, այդ ցուցանիշը հասնում է տարեկան յոթ միլիոնի:

Չնայած նրան, որ Covid-19-ից մահվան դեպքերը ճշգրիտ հնարավոր չէ կանխատեսել, նույնիսկ ամենախիստ կանխատեսումները խոսում են աշխարհում մի քանի միլիոն զոհի մասին, եւ ոչ թե` ամեն տարի, այլ` ընդհանուր առմամբ: Մասնագետների մեծամասնությունը համաձայն է, որ կորոնավիրուսի «մահացու բերքն» այնքան էլ մասշտաբային չի լինի: Որոշ մասնագետներ զուգահեռներ են անցկացնում ներկայիս պանդեմիայի եւ 1957 թվականի գրիպի վիրուսի բռնկման հետ. այն ժամանակ ամբողջ մոլորակի վրա ընդամենը մեկ միլիոն մարդ էր մահացել: Տեղայնացված բռնկման դեպքում զոհերի թիվը նկատելիորեն փոքր կլինի:

Ժեմեննի ենթադրությունները հիմնավորված են նաեւ այլ գիտնականների կողմից: Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարշալ Բերքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկու ամսվա ընթացքում մթնոլորտային աղտոտվածության նվազեցումը, հավանաբար, 5 տարեկանից ցածր 4000 երեխայի եւ մոտ 73 000 տարեցի կյանք է փրկել Չինաստանում: Բերքը նման եզրակացություններ է արել` հիմք ընդունելով PM2.5-ի ( մոտ 10 նանոմետրից մինչեւ 2.5 միկրոմետր չափսով միկրոմասնիկներ) կոնցենտրացիան չորս քաղաքներում եւ վերը նշված երկու տարիքային խմբերում մահացության մակարդակը: «Նույնիսկ պահպանողական ենթադրությունների դեպքում` աղտոտվածության կրճատման պատճառով, մոտ 20 անգամ ավելի շատ կյանք է փրկվել, քան ուղղակի կորել էին անմիջապես կորոնավիրուսի պատճառով»,- եզրափակում է գիտնականը:

«Ինձ ամենից շատ զարմացնում է այն, որ միջոցները, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել այս կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ավելի լուրջ են, քան այն միջոցները, որոնց մենք պատրաստ ենք գնալ` կլիմայի փոփոխության կամ մթնոլորտային աղտոտման դեմ պայքարելու համար: Կարծում եմ, որ դա պետք է մեզ մոտ հարցեր հարուցի. ինչու՞ ենք մենք ավելի շատ վախենում կորոնավիրուսից, քան կլիմայի փոփոխությունից, օդի աղտոտվածությունից կամ այլ սպառնալիքներից: Ի՞նչ առանձնահատուկ բան կա կորոնավիրուսի մեջ, որ դրա պատճառով մենք պատրաստ ենք շրջափակել ամբողջ աշխարհը»,- եզրափակել է Ժեմեննը: