Հարկային արձակուրդն այդքան էլ լավ գաղափար չէ։ Ասում ենք՝ բյուջետային հիմարկի աշխատողների աշխատավարձերը կվճարենք, ԶՈԻ աշխատավարձերը կվճարենք, պետական բոլոր գործառույթները կիրականացնենք, մի բան էլ կօգնենք բիզնեսին. հետո էլ ասում ենք՝ հարկային արձակուրդ։ Եթե ոչ մեկ հարկ չտա, պետական բյուջեն որտեղի՞ց է ձեւավորվելու։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի այն հարցին՝ հարկային արձակուրդներ, նպատակային թիրախավորված ծրագրեր կլինե՞ն, թե ոչ։
«Ուրիշ բան, որ մենք ասում ենք կոնկրետ, նպատակային ծրագրերով կարող ենք օգնել բիզնեսին, որ նրանք պետության առջև իրենց պարտավորությունը կատարեն։ Եթե հարկային պարտավորություն կատարելու խնդիր կա, էլի մենք պետք է զարգացման ծրագիր ներկայացնենք կոնկրետ տեղերում, որ այդ ընկերությունը դառնա ավելի ուժեղ։ Չստացվի, որ ինչպես մենք սոցիալական նպաստ տալու միջոցով խրախուսում ենք աղքատությունը, այնպես էլ տնտեսական նպաստ տալու միջոցով խրախուսենք անմրցունակ տնտեսությունը։ Այն ընկերությունները, որոնք մրցունակ են, պետք է աջակցենք իրենց մրցունակությունն ավելացնել, նրանք, որոնք մրցունակ չեն, նրանց էլ պետք է օգնել, որ իրենց մրցունակությունն ավելացնեն։ Թե չէ սոցիալական նպաստի քաղաքականությունը փոխարինել տնտեսական նպաստով, դա լավ չէ եւ ես, որեւէ կերպ համաձայն չեմ դրա հետ»,– ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ինքը համաձայն է, որ բեռը վերաբաշխվի. «Բայց պետք է այդ բեռը չվերաբաշխվի եւ մնա միայն պետական բյուջեի վրա, կամ մնա միայն բանկային համակարգի վրա, եթե կրում ենք վնասներ, պետք է ոչ թե համակերպվել այդ վնասներ կրելու իրողության հետ, այլ պետք է հասկանանք՝ այս նոր իրավիճակը ոնց կարող ենք օգտագործել մեր տնտեսությունն առավել մրցունակ դարձնելու համար»։
Պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե կան հաշվարկաված, թե ինչ չափի վնասներ կարող ենք ունենալ. Փաշինյանը պատասխանեց. «Այդ վնասի չափերն այսօր հնարավոր չէ հաշվարկել, որովհետեւ կախված է նրանից, թե կորոնավիրուսի այս իրավիճակը երբ կկանգնեցնենք, որովհետեւ ամեն մի օրը վնասի նոր տարածք է բերում, երբ որ կկանգնի, այն ժամանակ կասենք՝ կրեցինք այսքան վնաս, պետք է այսքան ներարկենք, որ էս ժամանակում այդ էֆեկտը հետ ստանանք։ Եթե մենք չգիտենք, թե վաղը քանի նոր դեպք ենք ունենալու, ո՞նց գնահատենք այդ վնասը»։
Փաշինյանի խոսքով՝ հերթով ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներ կունենան. «Բայց ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրեմ ճգնաժամ բառի վրա։ Ճգնաժամ եւ արձակուրդ բառերը, կարծում եմ, անհամատեղելի են, որովհետեւ ճգնաժամ նշանակում է աշխատելու ժամ։ Եկեք արձակուրդից քիչ խոսենք եւ խոսենք աշխատելուց։ Մենք բոլորս պետք է շատ աշխատենք, Կառավարությունն էլ, բիզնեսնն էլ, այնպես չի լինելու, որ բիզնեսն ասելու է՝ ինձ արձակուրդ տվեք, դուք գնացեք, ճգնեք, ոչ, մենք բոլորս իրար հետ պետք է ճգնենք։ Այսօր մի քանի ոլորտներից նամակներ եմ ստացել, կարդացել եմ, այդ մարդկանց կհրավիրենք, կասենք եկեք, նստենք հասկանանք, թե ոնց անենք։ Ես բացառում եմ, որ Կառավարությունը մի կոպեկ փող տրամադրի նրա համար, որ երեկ չէ առաջին օրվա առկա իրավիճակը մենք պահպանենք»։





























