Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներով նավագնացության կարգը: Այս մասին մարտի 17-ին Ազգային ժողովում Եվրասիական ինտեգրացիայի եւ տարածաշրջանային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ «Նավագնացության մասին» համաձայնագիրը ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների միջեւ ստորագրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Հայկական կողմից Համաձայնագիրը ստորագրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Համաձայնագիրը կոչված է դյուրացնելու ԵՏՄ անդամ պետությունների դրոշի տակ նավարկող նավերի մուտքը ԵՏՄ անդամ երկրների ներքին ջրային ուղիներ, ինչպես նաեւ պարզեցնելու երկկողմանի եւ տարանցիկ բեռների, ուղեւորների, ուղեբեռի փոխադրումը եւ նավերի քարշակումը»,- պարզաբանեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Համաձայնագրի կարեւոր մասն է ԵՏՄ անդամ պետություններում նավերի եւ դրանց անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը:

Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը հաստատում է ԵՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներով նավագնացության մեխանիզմները, ընթացակարգերը եւ պայմանները:

Գրեթե 17 րոպե տեւած քննարկումից հետո խորհրդարանական հանձնաժողովը այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց եւ աջակցեց այն ներառել Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգ: