ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսը կրկին «չինական վիրուս» է անվանել՝ չնայած Պեկինի բողոքներին։ «Այն եկել է Չինաստանից, այդ պատճառով ես կարծում եմ, որ դա շատ ճշգրիտ բնութագրում է»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաեւ Չինաստանին մեղադրել է ապատեղեկատվության մեջ՝ կապված այն ենթադրությունների հետ, որ կորոնավիրուսը Ուհան ամերիկյան զինվորականներն են տարել։ «Չինաստանը ճիշտ չի ասում»,- ասել է նա։

«Ինձ դուր չեկավ, որ Չինաստանն ասել է, թե մեր զինվորականները վարակել են իրենց։ Մեր զինվորականները ոչ ոքի չեն վարակել»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Պետդեպը կանչել էր ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկային, որպեսզի դատապարտի «դավադրության տեսությունը, որը սոցցանցերում լայն ուշադրություն է գրավել»։

ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը իր թվիթներում անցյալ շաբաթ ենթադրել է, որ գլոբալ համավարակի «զրոյական պացիենտը», հնարավոր է, Միացյալ Նահանգներից է եկել, ոչ թե Ուհան քաղաքից, որտեղ առաջին անգամ գրանցվել է հիվանդությունը։