Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 23-ին այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության նորակառույց համալիր, շրջայց կատարել այնտեղ, ծանոթացել համալիրի շենքային պայմաններին։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց համալիրը կառուցած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի PR մենեջեր Արմինե Ուդումյանը, 12 շենք-շինություն ներառող զորանոցային կառույցի շինարարության համար պահանջվել է 3,4 մլրդ դրամ, ինչպես նաեւ 160 մլն դրամ՝ կահավորման համար։

«Շինարարությունը տեւել է 2,5 տարի»,- տեղեկացրել է նա։

Սահմանապահ զորքերի սահմանապահ ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Գագիկ Թեւոսյանն իր հերթին ավելացրել է, որ շենքում տեղակայված սահմանապահ զորքերի ազդանշանային համակարգերի կենտրոնը թույլ է տալիս հետեւել Հայաստանի պետական սահմաններից դեպի կենտրոնակայան ուղղորդված ազդանշաններին։ «Համապատասխան մի քանի մոնիտորների վրա արտապատկերվում են սահմանների խախտման դեպքերը։ Տարվա այս ամիսներին ազդանշաները սովորաբար շատ են լինում է՝ պայմանավորված սահմանին գյուղատնտեսական աշխատանքների կատարմամբ։ Սակայն այս տարի լուրջ, քրեորեն պատժելի միջադեպեր պետական սահմանին չեն գրանցվել»,- հավաստիացրեց նա՝ ավելացնելով,որ անվտանգության ազդանշանային համակարգը ներդրվել է 2000 թվականին եւ միակն է տարածաշրջանում։

ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության նորակառույց համալիրում, պարզվեց,  նաեւ առանձին շնաբուծարան կա, ուր հատուկ վարժեցնողների եւ բժիշկների խիստ վերահսկողության ներքո ազնվացեղ շներ էին բուծվում՝ հետագայում Հայաստանի պետական սահմաններ ուղարկվելու եւ ուղեկալներում հետախուզական-որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։  

Ինչպես լրագրողներին ասաց շնաբուածարանի պատասխանատու, ավագ ենթասպա Գասպարյանը, կենտրոնում ներկայումս կա Բելոռուսից բերված 10 շուն՝ հիմնականում գերմանական եւ բելգիական հովվաշներ, որոնք համապատասխան տարիքի եւ վարժանքների մակարդակի հասնելուց հետո կուղարկվեն սահմանային ուղեկալներ՝ թմրանյութերի, զենքզինամթերքի որոնողական աշխատանքներում սահմանապահներին օգնելու համար։