Սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին թեսթավորումները, Ժնեւում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պատվաստանյութի առաջին թեսթավորումները սկսվել են ընդամենը 60 օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ վիրուսի գենետիկ հաջորդականությունը։ Սա աներեւակայելի ձեռքբերում է։ Մենք խորհուրդ ենք տալիս աշխարհի հետազոտողներին պարբերաբար փորձնական դեղամիջոցների գնահատում կատարել»,- ասել է նա։
Գեբրեեսուսի խոսքերով՝ բուժման պոտենցիալ մեթոդների եւ COVID-19 վարակի դեմ դեղամիջոցների որոնումներն արագացնելու համար ԱՀԿ-ն եւ նրա գործընկերները կազմակերպում են բուժման դեռ չստուգված միջոցների ուսումնասիրման եւ համեմատության բազմերկրյա հետազոտություն, հայտնում է Reuters-ը։ «Սա մեծ միջազգային հետազոտություն է՝ նախատեսված հուսալի տվյալներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ցույց տանք, թե բուժման որ մեթոդներն են ավելի արդյունավետ»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք այս հետազոտությունն անվանել ենք համերաշխության փորձաքննություն»։





























