Վերջին տարիներին Հայոց Ցեղասպանության միջազգային իրազեկման եւ ճանաչման հարցում մեծ թափ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը
«Դա ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ դնելու փորձերից հետո, դրանից հետո հենց նույն թուրք հասարակության ներսում ավելի շատ սկսվեց խոսվել Հայոց Ցեղասպանության մասին, եւ եթե նայում ենք արտերկրի առաջնակարգ թերթերը, ապա մամուլի մոնիտորինգը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարում Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությունը շատ ավելի է ասել-խոսել, քան անցած շատ-շատ երկար տարիների ընթացքում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կհասնենք արդյոք միջազգային ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման, հարցին ԲՀԿ խմբակցության անդամը դժվարացավ պատասխանել, բայց հույս ունի, որ մի օր էլ Թուրքիան կընդունի Հայոց Ցեղասպանությունը: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում աշխատանքը միջազգային կառույցներում անժխտելի է, բայց պետք է հասկանանք նաեւ, որ այն տերությունները, որոնք չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, չեն ճանաչում ոչ թե նրա համար, որ չեն հավատում, այլ պարզապես դա չի բխում նրանց քաղաքական շահերից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ապրիլի 24-ին, ժամը 13-ին կգնա Ծիծեռնակաբերդ:





























