Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը Կիպրոսում կնշեն երկուշաբթի` ապրիլի 25-ին: Այդ օրը կիպրոսցի հայերը դուրս կգան փողոց` հարգելու 1915 թվականի կոտորածների զոհերի հիշատակը, գրում է Cyprus Mail-ը:
«Մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ ողջ աշխարհի հայերը պահանջում են, որպեսզի արդարությունը վերականգնվի»,- ասել է Հայ ազգային կոմիտեի մամուլի քարտուղար Կարեն Կույումջյանը:
Ցուցարարները երթով Հայաստանի փողոցից կհասնեն մինչեւ հայկական եկեղեցի, որտեղ ծաղկեպսակներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ:
Ելույթներ կունենան արքեպիսկոպոս Վարուժանը եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը:
Կույումջյանի խոսքով, Կիպրոսի հայ համայնքը հիմնականում ձեւավորվել է այն ժամանակ, երբ հայերը փախչում էին Օսմանյան կայսրությունից, Կիլիկիայից եւ Թուրքիայի հարավից:





























