Ապրիլի 23-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՅԴ Արցախի երիտասարդական թեւը եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը ջահերով երթ են կազմակերպել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Երթը մեկնարկել է Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից եւ շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Մինչ այդ Սուրբ Հակոբ եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհանգստի արարողություն է կատարել:

Երեւանում ապրիլի 23-ի երեկոյան մեկնարկել է ջահերով երթը (վիդեո)

Ջահերով երթ է անցկացվել նաեւ Վրաստանի հայաբնակ շրջանում` Ջավախքում: «Զորի Զորյան» երիտասարդական միության կազմակերպած երթն սկսվել է Ախալցխայի Հայկական կրթամշակութային կենտրոնի մոտից եւ շարժվել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:

Երթի մասնակիցները Թուրքիային կոչ են արել միանալ աշխարհի մի շարք քաղաքակիրթ երկրներին եւ ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության փաստը: