Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա ավանդական ուղերձը «շատ ուժեղ» է որակել:

Նա այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ լրագրողներին ասել է հետեւյալը. «Ամեն տարի մենք այցելում ենք այստեղ` հիշատակի տուրք մատուցելու: Կարծում եմ ծանոթ եք Օբամայի ուղերձին, ըստ որի ամերիկյան ժողովուրդը միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին:

♦ Բարաք Օբաման կրկին չկատարեց հայերին տրված խոստումը եւ սահմանափակվեց «Մեծ Եղեռն» եզրույթով

Սակայն ԱՄՆ նախագահի հայտարարությունը անփոփոխ է մնում, որը շատ ուժեղ հայտարարություն էր, հայ ժողովրդին նվիրված հայտարարություն: Օբամայի դիրքորոշումը հայտնի է եւ չի փոխվել: Այդ հայտարարությունը խոսում է ինքն իր մասին եւ ավելին ասել, հնարավոր չէ»:

♦ Լոս-Անջելեսում ամերիկահայերը ցույց են արել Բարաք Օբամայի դեմ (վիդեո)

Ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Յովանովիչը նաեւ նշել է, որ Օբաման իր ուղերձում կոչ է արել նայել ապագային եւ անել ամեն բան, որպեսզի ապագայում նման դեպքեր չկրկնվեն:

«Ընդհանրապես, խորհրդանշական է, որ այս օրը համընկնում է Սուրբ Զատիկի` Քրիստոսի հարության տոնի հետ»,- հավելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը այս տարվա մարտի 4-ին հաստատել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը: