Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 24-ին հանդես է եկել ուղերձով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի ուղերձում ասվում է.
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած եւ իրականացրած հրեշավոր ոճրագործության նպատակը հայության ամբողջական բնաջնջումն էր, իսկ հետեւանքը` հայ ժողովրդի հայրենազրկումը, մեր իսկ բնօրրանում հայության ֆիզիկական, պատմական, հոգեւոր ու մշակութային ներկայության իսպառ բացառումը:
Հայոց ցեղասպանությունն իրականացման օրվանից դարձել է ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային պատմության այնպիսի դրվագ, որը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից ու դուրս թողնել քսաներորդ դարի ժամանակագրությունից. անգամ այն մարդկանց հիշողությունից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանությունը:
Մեր ժողովրդի պահանջը հստակ է. Հայոց ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական:
Երախտիքի խոսք եմ ուղղում այն մարդկանց եւ պետություններին, ովքեր հայ ժողովրդի կողքին են պատմական արդարության, ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման համար միասնական պայքարում:
Ոգեկոչելով Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը` մեր հայացքն ուղղենք ապագային`հանուն մեր պետականության ու հայ ժողովրդի ավելի լավ վաղվա օրվա»:





























