Ամերիկայի հայկական համագումարն ամենօրյա քրտնաջան աշխատանքներ է տանում ԱՄՆ պետքարտուղարության, ամերիկացի կոնգրեսականների հետ, Հայոց Ցեղասպանության ճանաչման համատեքստում: Այդ մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Թեպետ Ամերիկայի հայկական համագումարի անդամները չեն գովազդում իրենց կատարած գործը, սակայն քրտնաջան աշխատանքի արդյունքում օր օրի ավելանում են հայամետ կոնգրեսականները եւ ամերիկացի պաշտոնյաները: Դրա հետեւանքով քանակական արդյունքը ի վերջո մի օր կհանգեցնի որակական արդյունքի` այն է Հայոց Ցեղասպանության ճանաչման»,- նշեց Դարբինյանը:
Ամոփելով նա ասաց, որ մեր օրերի բոլոր արյունալի բախումները հետեւանք են չճանաչված ոճիրների:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:




























