Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց արդեն լուծված է եւ պետք չէ հիմար ձեւանալ: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Նրանք, ովքեր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հանցակից են տեղի ունեցածին: Հիմա խոսքը ճանաչման մասին չէ, այլ ցեղասպանության հետեւանքների վերացման»,- հայտարարել է Հայրիկյանն ու հավելել, որ ամենամոտավոր հաշվարկներով, եթե չլիներ ցեղասպանությունը, ապա Հայաստանը կլիներ տարածաշրջանի ամենաառաջատար երկրներից մեկը` 250 հազար քմ տարածքով եւ 30 մլն բնակչությամբ:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: