Եզդի ժողովուրդը դատապարտում է հայերի եւ եզդիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, եւ պահանջում Անկարայի կողմից այդ հանցագործության դատապարտումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ Ծիծեռնակաբերդում կայացած զրույցում ասել է Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը:

Նա ընդգծել է, թե գոյություն ունեն բազմաթիվ անհերքելի փաստեր եւ ապացույցեր Ցեղասպանության մասին: «Մի ողջ երկիր գոյություն ուներ` Արմենիստանը` 2,5 միլիոն բնակչությամբ, որն անհետացավ Թուրքիայի բարբարոս գործողությունների արդյունքում: Անկարան պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի արած հանցագործությունների համար»,- ամփոփել է Թամոյանը:

♦ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «դուրս է գալիս» թանգարանի պատերից

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: