Հայոց ցեղասպանությունն ապացուցված է տասնյակ հազարավոր պատմական փաստաթղթերով, արձանագրություններով ու փաստերով, որոնք գոյություն ունեն աշխարհի տասնյակ երկրների արխիվներում: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա հավելել է, որ այսօր խոսքը գնում է պատմական ճշմարտության քաղաքական հաստատման մասին:

«Յուրաքանչյուր երկիր Հայոց ցեղասպանության գնահատման հարցում, առաջին հերթին, պետք է վերաիմաստավորեն իրենց պատմությունը: Մենք չպետք է խնդրենք ու աղաչենք, որպեսզի այս կամ այն երկրի նախագահը կամ խորհրդարանը ճանաչեն մեր ցեղասպանությունը, քանի որ դա հանցագործություն է, առաջին հերթին, մարդության դեմ»,- հայտարարել է Հովհաննիսյանը, որպես օրինակ բերելով ԱՄՆ-ին:

Նա նշել է, որ կշեռքի նժարին է նաեւ նույն ԱՄՆ-ի պատմությունը, որի դեսպաններն ու հյուպատոսները վկայել են, խոսել ու գրել են Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք որպես իրավական պետություն, այսօր պահանջում ենք ոչ միայն ճանաչում, այլ նաեւ ցեղասպանության հետեւանքների վերացում: Եթե նույնիսկ երբեւէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերություններ հաստատվեն, դրանք պետք է հիմնվեն ոչ թե վիճելի, անհիմն հակաիրավական արձանագրությունների վրա, որոնք օգնում են աչք փակել պատմության վրա, այլ իրական պատմության վրա, որը ենթադրում է ցեղասպանության վնասների փոխհատուցում»,- նշել է «Ժառանգության» առաջնորդը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: