Սիրելի ուսանողներ, ես ձեռնպահ կմնամ առցանց դասխոսություններ կարդալուց։  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք գիտեք, որ «Քաղաքական կառավարում»-ուսումնական դիսցիպլինայի ուսումնասիրման օբյեկտ է հանդիսանում նաև որոշումների կայացման մոդելավորումը։

Այն նպատակ ունի նախ և առաջ դուրս բերել քաղաքական կառավարման բաղկացուցիչների իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Կառավարման արդյունավետությունն ու որակը որոշվում են հատկապես խնդիրների լուծման հիմնավորվածությամբ, այսինքնք՝ մոտեցումների, սկզբունքների և մեթոդների։

Աշխարհում սկիզբ առած պանդեմիայի պայմաններում խոսել քաղաքական կառավարման մասին և չանդրադառնալ կառավարման տեսությանը հայտնի իրավիճակային մոտեցմանը՝ մեղմ ասած մասնագիտական անբարեխղճություն կլինի։

Աշխարհի շատ երկրներում, նաև Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակային կառավարումը ի ցույց դրեց քաղաքական կառավարման արդյունավետության տխուր պատկերը՝ իր բազմաթիվ թերություններով ու պրոբլեմներով։

Սրանց մասին արտակարգ դրության պայմաններում հրապարակային, առցանց դասախոսություն կարդալը համարում եմ ոչ նպատակահարմար»: