Տիբեթի բուդդայական Կիրտի մենաստանում չինական ոստիկանության ռեյդի արդյունքում երկու մարդ է սպանվել:
Ինչպես նշել են «Միջազգային արշավ հանուն Տիբեթի» կազմակերպության ներկայացուցիչները, երկու տարեց տղամարդ սպանվել են, երբ փորձել են թույլ չտալ վանականների ձերբակալությունը:
Իրավապաշտպանների տվյալներով` բուդդայական Կիրտի մենաստանի մոտ ապրիլի 21-ին ձերբակալվել են ավելի քան երեք հարյուր վանականներ:
Ոստիկանությունն այս մենաստանը վերահսկողության տակ էր վերցրել անցած ամսից, երբ երիտասարդ մի վանական ինքնահրկիզվել էր` այդ կերպ իր բողոքն արտահայտելով Տիբեթի նկատմամբ Չինաստանի վարած քաղաքականության դեմ:
Արտերկրում գտնվող տիբեթական Phayul կայքը հաղորդում է, որ Կիրտի մենաստանում պարետային ժամ է հայտարարված:





























