Ապրիլի 23-ի երեկոյան Փարիզում հայ երիտասարդների կողմից կազմակերպված ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանց միացել են նաեւ «Collectif Urgence Darfour» կազմակերպության անդամները, հաղորդում է Nouvelles d’Arménie-ին:

Փարիզի Հանրապետության հրապարակի մի հատվածում ակցիայի մասնակիցները ներկայացրել են ողբերգական իրադարձությունների ժամանակագրությունը եւ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների մասին վկայող լուսանկարներ:

Ցանկացողները հնարավորություն են ունեցել լսելու ժխտողականության քաղաքականության մասին պատմաբան Իվ Տերնոնի, փաստաբան, միջազգային իրավունքի դոկտոր Սեւան Ղարբիյանի դասախոսությունները:

Ակցիայի շրջանակում հանդես են եկել նաեւ արտիստներ, ովքեր հատուկ եկել են պաշտպանելու հայ ժողովրդի արդարացի պահանջը: