Երուսաղեմի հայոց պատրիարքությունն այսօր` ապրիլի 24-ին հանդիսավորությամբ նշել է Քրիստոսի հարության տոնը` Սուրբ Զատիկը: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ Զատկի պատարագ, որին, բացի Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներից, մասնակցել են նաեւ մի քանի հարյուր հայ ուխտավորներ Երեւանից, Ստամբուլից, Ջավախքից, Լոս Անջելեսից:
Նա նշեց, որ այս տարի ամեն ինչ խաղաղ է անցել, եւ հունական հոգեւորականության հետ ոչ մի խնդիր չի ծագել:
Երուսաղեմի հայ համայնքը նաեւ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառում է կազմակերպել: «Հայկական համայնքն այսօր բողոքի ակցիա կկազմակերպի Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության դիմաց»,- նշեց արքեպիսկոպոսը:
Շիրվանյանը նաեւ հայտնեց, որ ապրիլի 25-ին հայկական եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի պատարագ, իսկ 26-ին կտրվի պատարագ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:
Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:



























