ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հանդես եկավ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված հաշվեհարդարը դատապարտող հայտարարությամբ: Միաժամանակ նա այս անգամ եւս 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չկոչեց` օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, հողորդում է «Deutsche welle»-ն:
«1915թ. զանգվածային կոտորածները 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկն էին»,-նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: «Իմ կարծիքը այդ իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել: Փաստերի ամբողջական, արդարացի եւ ազնիվ ճանաչումը բխում է մեր շահերից»,- ընդգծվում է փաստաթղթում:
DAPD գործակալության փոխանցմամբ` նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացել էր ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել` հավանաբար չցանկանալով վատացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից Թուրքիայի հետ:
Միժամանակ` ԱՄՆ նախագահի հայտարարությունը դժգոհությւոն է առաջացրել Անկարայում: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը քննադատել է նախագահի դիրքորոշումը. «Հայտարարությունը վկայում է այդ իրադարձությունների ոչ ճշգրիտ, սխալ եւ քաղաքականապես միակողմանի մեկնաբանության մասին», - ընդգծել է դիվանագետը:
Dpa գործակալության փոխանցմամբ` 1915թ. ապրիլի 24-ին այդ ժամանակվա թուրքական իշխանությունները հայերի զանգվածային տեղահանման հրաման էին արձակել, որն ուղեկցվել էր զանգվածային սպանություններով ու ջարդերով: Հայկական կողմի տվյալներով զոհերի թիվը մեկուկես միլիոն է, նշում է գործակալությունը:
DAPD գործակալությունը հայտնում է, թե Թուրքիայի իշխանությունները ժխտում են ցեղասպանության փաստը: Թուրք քաղաքական գործիչները հրաժարվում են օգտագործել այդ եզրը` պնդելով, թե զոհերի թիվն ուռճացված է:
Dpa-ն տեղեկացնում է, որ Գերմանիայում հայ համայնքը Մայնի Ֆրանկֆուրտի Paulskirche եկեղեցում մատուցված պատարագով է նշել ցեղասպանության օրը: 1915 թ. իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական խմբակացության մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հարցերով աշխատանքային խմբի անդամ Էրիկա Շտայնբախն ասել է, որ Թուրքիան պետք է իր պատմության սեւ էջերին նոր մոտեցում գտնի: Ողբերգական իրադարձություններից գրեթե մեկ դար անց ժամանակն է, որ Թուրքիան զբաղվի Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրների լուծմամբ, ասել է Շտայնբախը:




























