Բժիշկները թույլ են տվել, որպեսզի հունվարին ծանր վնասվածք ստացած կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը թռիչքի ուղեկցի «Ինդեվոր» շաթլով թռչել պատրաստվող NASA-ի տիեզերագնաց իր ամուսնուն՝ Մարկ Կելլիին։
Գիֆորդսի այս մտադրության մասին մարտին հայտարարել էր նրա ներկայացուցիչ Սի Ջեյ Կարամարգինը։ «Դա նրա նպատակն է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջնական որոշումը կկայացնեն Գիֆորդսի բժիշկները։
Ինչպես ավել վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արիզոնա նահանգից ընտրված դեմոկրատ Գաբրիել Գիֆորդսը հրազենային վնասվածք էր ստացել Թուսոնում՝ հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ։ Անհայտ անձը մոտեցել եւ կրակել էր նրա գլխին։
Նշենք, որ Գիֆորդսը Հայոց ցեղասպանության բանաձեւի կողմնակիցներից է։ 2010 թվականի մարտի 5-ին նա կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին։ Նա այդ բանաձեւին սատարել էր նաեւ 2007 թվականին։




























