Ղազախստանի քաղաքացին փորձել է օդանավ առեւանգել` սպառնալով  եղունգների խարտոցով: Զինված հանցագործը, ով ապրիլի 24-ին անհաջող փորձ է արել հափշտակել «Ալիտալիա» ընկերության` Փարիզից Հռոմ թռչող օդանավը. Ղազախստանի քաղաքացի է եւ աշխատել է ՅՈՒԵՍԿՕ-ի ներկայացուցչությունում, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Հանցագործը 48-ամյա Վալերի Տոլմաչովն է, ով նախկինում իրավապահ մարմինների հետ խնդիրներ չի ունեցել: Չվերթի իրականացման ժամանակ զինված տղամարդը պահանջել է, որ որպեսզի օդանավը փոխի իր ուղղությունը դեպի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Ականատեսների խոսքով, «քաղաքացին գտնվել է ծայրահեղ գրգռված վիճակում, սակայն հարբած չի եղել»:

Օդանավի չորս ուղեկցորդներին հաջողվել է չեզոքացնել նրան, եւ իտալական «Ֆյումիչինո» օդանավակայան վայրէջք կատարելուց հետո հանցագործը ձերբակալվել է ոստիկանների կողմից:

Հաղորդվում է նաեւ, որ ուղեկցորդուհիներից մեկը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, ում բուժօգնություն է ցուցաբերվել:

Օդանավում գտնվել է 131 ուղեւոր, նրանցից ոչ մեկը չի տուժել: