Այս տարի Ստամբուլում ապրիլի 24-ն «ավելի լռակյաց» անցավ; Այսօր՝ ապրիլի 25-ին, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մեծ աղմուկ չբարձրացավ, ինչը նա պայմանավորեց Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններով: Սարգիս Սերոբյանի խոսքով, թուրքական լրատվամիջոցները՝ մամուլը, լրատվական գործակալությունները  «բառ մը իսկ չարտահայտվեցան այդ մասին», ինչը ցավալի է:

«Մենք թուրք պետությունից ոչինչ չենք սպասում, մենք թուրք ժողովրդից ենք սպասում, կարեւոր չէ, թե պետությունները ինչեր են ասում, ժողովրդի ասածն է կարեւոր: Եթե նա իմանա, թե ինչեր են տեղի ունեցել 1915թ, կհասկանա, որ ինքն էլ է մեղավոր, իր նախնիներն էլ են մեղավոր եւ կկարողանա ներողություն խնդրել, պետությունը ինչ ուզում է, թող անի»,- մեզ հետ զրույցում ասաց  Սարգիս Սերոբյանը; Նրա խոսքով՝ «Ակոսը» հենց դրա համար է լույս տեսնում, որ թուրք ժողովուրդը իմանա, թե հայերն ովքեր են, ինչ է տեղի ունեցել 1915-ին:

Հիշեցնենք, որ ինչպես գրել էր NEWS.am-ը, հայ եւ թուրք մտավորականներ Թուրքիայի 4 քաղաքներում տարբեր միջոցառումներ են կազմակերպել, նաեւ այցելել են Հրանտ Դինքի գերեզմանին: