Մինսկի մետրոյում ապրիլի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի։
Հիվանդանոցում այսօր մահացել է ծանր վնասվածքներ ստացած մարդկանցից մեկը։ Հիվանդանոցներում այժմ կան պայթյունի հետեւանքով վիրավորված 92 անձինք, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Բելառուսի առողջապահության նախարարությանը։
Նշենք, որ Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյունը որոտացել էր 2011 թվականի ապրիլի 11-ին՝ երեկոյան պիկ ժամին:
Զոհվել էր 13 մարդ, եւս 200-ը վնասվածքներ էին ստացել, այդ թվում՝ երկու հայ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 14-ին հայտարարել էր, որ «ահաբեկչությունը բացահայտվել է», սակայն դեռեւս հայտնի չէ՝ «ինչո՞ւ են նրանք դա իրականացրել»։ Հայտնի է միայն, որ ձերբակալվածները մասնակից են երկու ահաբեկչությունների։
Ձերբակալվել է 5 մարդ, դրանցից մեկը՝ ենթադրյալ կատարողն է։




























