Հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում մեծ է շվեդ պատգամավորների գործունեության կարեւորությունը: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնի եւ խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանն ընդգծել է խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական փոխգործակցության զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել անցյալ տարի Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու գործում բարեկամական խմբի ներդրումը:

Շվեդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանացել են Հայաստանում:  Նրանք վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ  ՀՀ դիրքորոշումները: