2020 թվականին նավթի գները կպահպանվեն մեկ բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակում, քանի որ կորոնավիրուսի գլոբալ տարածմանն ուղղված միջոցառումները ազդում են պահանջարկի վրա, եւ ՕՊԵԿ+ գործարքի փլուզումը նպաստում է հումքի ավելցուկի մեծացմանը, ցույց է տվել Reuters-ի հարցումը:
40 վերլուծաբանի հարցման տվյալների համաձայն` Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց միջինում 38.76 դոլար կկազմի, ինչը 36 տոկոսով ցածր է փետրվարյան կանխատեսումներից` (60.63 դոլար):
Ամերիկյան West Texas Intermediate-ի համար կանխատեսումը իջեցվել է մինչեւ բարելի դիմաց 35.29 դոլար` փետրվար ամսվա համար կանխատեսվող 55.75 դոլարից:
Brent-ը եւ WTI-ն այժմ վաճառվում են բարելի դիմաց 20 դոլարի սահմաններում: Ընդ որում, Brent-ի գինը, հունվար ամսվա համեմատ, ընկել է գրեթե 70 տոկոսով, քանի որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները թուլացրել են պահանջարկը, իսկ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գնային պատերազմը շուկայում հումքի ջրհեղեղի է հանգեցրել:
«Նավթի շուկան կորցրել է իր ստորին սահմանը, եւ մենք դրա վերադարձ չենք ակնկալում մինչեւ չորրորդ եռամսյակ»,- նշել է Քեյլին Բյորչը Economist Intelligence Unit-ից:
Նավթի գները, որոնք առանց այդ էլ ցածր էին, կտրուկ ընկան մարտ ամսին, երբ փլուզվեց նավթ արտահանող երկրների ՕՊԵԿ+ կազմակերպությունը: Ուրբաթ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարների միջեւ շփումներ չեն եղել` ոչ ՕՊԵԿ+-ի երկրների թվի ավելացման հետ կապված, ոչ նավթային շուկաների կայունացմանն ուղղված համատեղ համաձայնագրի համար:
Վերլուծաբանները 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի օրական 0.7-5.0 միլիոն բարելով իջեցում են ակնկալում, ինչը ստվերում կթողնի անկումը 2009-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ:




























