Ամերիկյան իշխանությունները քննարկում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունը, ի պատասխան Սիրիայի իշխանությունների կողմից երկրում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնությունների կիրառման, հաղարդում է BBC-ն:

«Սիրիայի կառավարության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կիրառվող խիստ բռնությունը ծայրահեղ ափսոսանք է առաջացնում: ԱՄՆ-ը քննարկում է քաղաքական որոշումների լայն սպեկտր, այդ թվում նաեւ պատասխան պատժամիջոցների կիրառումը»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Թոմի Վիետորը: Պատժամիջոցների շարքում կարող է լինել սիրիական ակտիվների սառեցումը, ամերիկյան ընկերություններին սիրիական իրենց գործընկերների հետ գործարքների արգելումը եւ այլն:

Այդուհանդերձ, Լիբանանում գտնվող BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ շատ սիրիացիներ կասկած են հայտնում, որ այդ պատժամիջոցները կարող են ազդել իրավիճակի վրա: