Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի զարմիկ Մուհամեդ Լաշթարը հանդիսանում է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի անձնական քարտուղարն ու ներքաղաքական հարցերով խորհրդականը, հայտնում  է կոստարիկական La Nacion պարբերականը հղում` անելով WikiLeaks-ին:

Թերթը հրապարակել է Նիկարագուայում ԱՄՆ նախկին դեսպան Փոլ Թրայվելիի չորս գաղտնի հաղորդագրությունները, որոնցում վերահաստատվում է, որ Լաշթարը համագործակցում է լիբիական հատուկ գործակալությունների հետ:

«Մուհամեդ Լաշթարը Դենիել Օրտեգայի շրջապատի առանցքային դեմքերից մեկն է համարվում եւ կապ ունի Քադաֆիի հետախուզական ծառայության հետ: Նրա միջոցով է իրականացվում Նիկարագուայի գաղտնի ֆինանսավորումը»,-ասվում է 2007 թվականի հունվարի 23-ին թվագրված գաղտնի հաղորդագրության մեջ:  

Պարբերականը  գրում է, որ 51-ամյա լիբիացիան Նիկարագուա է եկել 1979 թվականին տեղի ունեցած Սանդինյան հեղափոխությունից հետո, երբ իշխանության է եկել Դենիել Օրտեգան: Լաշթարը Նիկարագուայի քաղաքացիություն ունի եւ հայտնի է նաեւ որպես գործարար: Մասնավորապես, նրան է պատկանում խոշորագույն Anilib գյուղատնտեսական ընկերությունը: