Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-28-ին Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով պաշտոնական այցով գտնվելու է Փարիզում` Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Փարիզի քաղաքապետ, ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի, Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի հետ, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Բ.Դելանոեի հետ քննարկվելու են նաեւ ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում իրականացվող համագործակցության եւ հոկտեմբերի 24-27-ը Երեւանում կայանալիք կազմակերպության 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման հետ հետ կապված հարցեր:
Ապրիլի 26-ին նախատեսվում է ստորագրել Երեւան քաղաքի եւ Իլ դը Ֆրանս շրջանի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռնի փոխշահավետ կապեր հաստատել մշակույթի եւ ֆրանկոֆոնիայի, կայուն զարգացման, զբոսաշրջության եւ ժառանգության պահպանման, կրթության, տարածքների բարեկարգման եւ հասարակական տրանսպորտի կազմակերպման ոլորտներում:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ սփյուռքի հայ համայնքի, ինչպես նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:



























