Համաշխարհային տնտեսության վերականգնման համար էական մարտահրավեր է այսպես կոչված «արժութային պատերազմը»: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի այսօր՝ ապրիլի 26-ին հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ։

Նշվել է, որ տարբեր երկրներ, մրցակցային առավելություն ստանալու նպատակով, վարում են սեփական արժույթի արժեզրկման քաղաքականություն:

Այս մտավախությամբ մի շարք միջազգային կազմակերպություններ, տերությունների ղեկավարներ եւ վերլուծաբաններ հորդորում են փոխարժեքները պահպանել այնպիսի մակարդակներում, որոնք արտահայտում են յուրաքանչյուր տնտեսության հիմնարար ցուցանիշները: Մասնավորապես՝ «Մեծ 20-յակի» ղեկավարները համաձայնվել են արժույթների փոխարժեքները փոփոխել աստիճանական, որոշակի ցուցանիշների միջոցով մոնիտորինգի ենթարկել տարբեր երկրների արժութային քաղաքականությունները:

«Խուսափելով այլ երկրների առեւտրային հաշվեկշիռների վրա բացասական ազդեցություններից՝ հնարավոր կլինի համաշխարհային տնտեսությունը զերծ պահել առեւտրային հաշվեկշիռների անհաշվեկշռվածություններից բխող նոր խնդիրներից»,- նշված է ՀՀ ԿԲ-ի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: