Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Բելառուսում այսօր` ապրիլի 26-ին միջոցառումներ կանցկացվեն` նվիրված ատոմային էներգիայի համաշխարհային պատմության մեւ ամենախոշոր աղետի` Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 25-րդ տարելիցին:

Մոսկվայում, Պետերբուրգում, Կիեւում եւ այլ քաղաքներում կանցկացվեն հանրահավաքներ, սգո հավաքներ եւ համերգներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մինսկում բելառուսական ընդդիմությունը զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք կանցկացնի, հրաժարվելով ավանդական երթից, քանի որ իշխանությունը երթն արգելել է:

Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Ներկայումս այդ ատոմակայանում բոլոր ռեակտորների աշխատանքը կասեցված է: Այդուհանդերձ 3,5 հազար մարդ առաջվա նման աշխատում են այդ ատոմակայանում: Միջուկային վառելիքը չի բեռնաթափված ռեակտորներից եւ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահել: