Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ տանդեմն ակնհայտ է։ Ապրիլի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու հավելեց. «Թեպետ երկխոսության  մասին չի բարձրաձայնվում, սակայն անհերքելի է, որ քաղաքական այդ ուժերի միջեւ պայմանավորվածություններ կան»:

«Պարտադիր չէ, որ երկխոսության մասին բարձրաձայն հայտարարվի, դա կարելի է գուշակել ՀԱԿ-ի գործողություններից, որն իր 15 պահանջներից ի վերջո թողեց 3 մեղմագույնները։ Պայմանավորվածությունն ակնհայտ է, եւ անպայման չէ, որ այն ի ցույց դրվի։ Սակայն ցավալի է, որ իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսությունը միտված է ոչ թե պետության կամ պետականության շահերին, այլ զուտ իշխանությունը պահելու եւ վերաձեւելու առաքելություն ունի»,- նշեց ՀՅԴ պատգամավորը։

Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը կտրականապես հերքեց իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին լուրերը՝ դրանք որակելով անհիմն։ «Հայտարարված երկխոսություն չկա։ Լրագրողների կողմից տարածված անդրկուլիսյան երկխոսության մասին լուրերը հիմք չունեն, եւ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցնում»,- ընդգծեց նա։

Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ կբացատրի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուշացած հանձնարարականը՝ նոր թափ հաղորդել մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը (հաշվի առնելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարությունը, թե իշխանությունները կատարում են իրենց պահանջները՝ մասնավորապես մարտի 1-ի դեպքերի մասով) Բադեյանը նկատեց. «Այս հանգամանքը չի կարելի ՀԱԿ-ի հետ պայմանավորվածությունների հետեւանք համարել։ Դեպքերի բացահայտման պահանջը եղել է առաջին օրվանից։

Հանձնարարականն իրավապահ մարմիններին տրված էր վաղուց, որ նրանք հանգիստ՝ առանց քաղաքական ճնշման կկատարեն իրենց գործը: Բայց երբ ակնհայտ դարձավ, որ իրավապահ մարմիններն իրենց գործառույթը չեն կատարել, պահանջվեց նախագահի միջամտությունը։ Այնպես որ, խնդիրը ՀԱԿ-ի պահանջների մեջ չէ, այլ հասարակության»,- բացատրեց ՀՀԿ պատգամավորը։  

Նշենք, որ օրեր առաջ կայացած դատաիրավական բարեփոխումների հացերով խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտության մասին։ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ մարտի 1-ի դեպքերի բացահայտումն առաջնահերթություն է անձամբ իր համար: