Երեւանի քաղաքապետարանը թույլ է տվել ՀԱԿ-ին ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանն այսօր` ապրիլի 26-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել գրություն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի ս/թ. ապրիլի 13-ի որոշումը վերանայելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից ապրիլի 28-ին նախատեսված միջոցառումը չի կայանալու` Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ուժը կորցրած է ճանաչել այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելող ապրիլի 13-ի որոշումը եւ ի գիտություն է ընդունել նույն օրը` ապրիլի 28-ին ժամը16.00-23.00 /մոտավոր/ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: