«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր Ուկրաինայի ժողովրդին եղբայրական օգնության ձեռք մեկնեցին այդ ծանր օրերին եւ չվերադարձան աղետի հետեւանքների դեմ պայքարի դաշտից»,- Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներին հղած ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Ուղիղ 25 տարի առաջ, այն ժամանակ դեռեւս միասնական ահռելի երկրի մի հատվածում` Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի հարեւանությամբ, տեղի ունեցավ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկը: Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ անմիջապես արձագանքեցին այդ ողբերգությանը` մեկնելով աղետի գոտի եւ իրենց ներդրումը բերելով վթարի հետեւանքների վերացման գործողությանը»
Մենք նաեւ գլուխ ենք խոնարհում նրանց առջեւ, ովքեր վերապրեցին այդ դաժան մարտը եւ, չնայած իրենց առողջությանը պատճառված լուրջ վնասներին, այսօր էլ շարունակում են ապացուցել հայ մարդու ապրելու անսահման կամքն ու կենսունակությունը:
Սիրելի՛ բարեկամներ,
Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի միջոցառումներն ապացուցում են, որ հայ ժողովուրդը չի մոռանում եւ գնահատում է սխրանք գործած իր բոլոր զավակներին` հնարավորությունների չափով սատարելով նրանց բուժմանն ու վերականգնմանը:
Մաղթում եմ ձեզ առողջություն եւ երկար տարիների կյանք»:



























