Հայաստանի նոր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը անուղղակի կերպով քննադատել է իր նախորդին։

Ապրիլի 26-ին կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեասյանը պարզաբանեց Արմեն Հարությունյանի ժամանակ գործող «արագ արձագանքման խմբի» վերակազմավորման պատճառները։ Անդրեասյանի խոսքով, «խումբն» իրականում կազմված էր մեկ մարդուց, ով աշխատել է արտաժամյա, ինչն էլ պատճառ է դարձել «խմբի» վերակազմավորման։

Անդրեսյանի խոսքով, իր՝ օմբուդսմեն լինելու ընթացքում ՄԻՊ-ի գրասենյակ դիմել է 300 քաղաքացի։

Գրասենյակն արձագանքել է դրանցից 50-ին։ Հարցը նրանում է, որ դիմումների մեծ մասը դուրս է օմբուդսմենի իրավասությունների շրջանակից։ Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ օմբուդսմենին չի հաջողվել հասնել դրական արդյունքի, Անդրեասյանը, չխորանալով վիճակագրական տվյալների մեջ, նշեց, որ նմանօրինակ յուրաքանչյուր դեպքի մասին հասարակությունը կիմանա իր հայտարարությունից։ Որպես օրինակ, նա բերեց «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված Ազատության հրապարակի դեպքը, երբ թույլ չէր տրվել վրան  տեղադրել։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց իրեն անվանեն «անհաջող կադր» (ժամանակին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս կերպ էր անվանել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին), Կարեն Անդրեասյանը հիշեցրեց, որ նախագահը կարիք չունի իր գործունեությանը գնահատական տալ։ Ինչ վերաբերում է այս առումով իշխող կոալիցիայի կարծիքին, ապա դա Անդրեասյանին ամենաքիչն է հուզում, քան իր օգնության կարիքն ունեցող մարդկանց կարծիքը։ «Եթե ես մտածեմ, թե ինչ է մտածում իմ մասին կոալիցիան, չեմ կարող աշխատել։ Ես մտածում եմ մարդկանց, ոչ թե կոալիցիայի գնահատականի մասին»,- հայտարարեց օմբուդսմենը։

Անդրեասյանն ուշադրության համար շնորհակալություն հայտնեց մամուլից, իսկ հետո կոչ արեց՝ «եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք» օմբուդսմենի գրասենյակի աշխատանքին։ Նրա խոսքով, ինքը հանգիստ է վերաբերում իր հասցեին արված քննադատություններին, սակայն անթույլատրելի է համարում մարդու իրավունքների ինստիտուտի հասցեին արված անհիմն մեղադրանքները։