Ռուսաստանի 2 խոշորագույն կոնյակ արտադրող գործարանները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»։
Այսպես՝ մարտին աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է կոնյակ արտադրող մոսկովյան խոշորագույն «КиН» գործարանը։ Օրերս նման որոշում է կայացրել երկրորդ խոշոր արտադրողը՝ Կալինինգրադի «Альянс-1892» գործարանը։
Երկու դեպքում է Ռուսաստանի համապատասխան մարմինները չեն երկարաձգել կոնյակի արտադրության լիցենզիաները՝ արտադրական սարքավորումները եւ փաստաթղթերը կարգին չլինելու պատճառաբանությամբ։
Այս ամենի արդյունքում՝ Ռուսաստանում կոնյակի արտադրությունը միայն մարտին կրճատվել է 20 տոկոսով, ապրիլին սպասվում է, որ անկումն ավելի մեծ կլինի։
Հատկանշական է, որ 2011 թ. ընթացքում Ռուսաստանի կոնյակ արտադրողների լիցենզիաների մեծ մասի ժամկետը լրանում է, եւ հնարավոր են նոր սահմանափակումներ։
Այս արգելքները, բնականաբար, դրական կարող են անդրադառնալ Հայաստանի կոնյակագործության վրա, քանի որ մեր երկրում արտադրվող կոնյակի 80 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստան։





























