«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է այն քաղաքական պահանջները, որոնք իր հացադուլի ժամանակ նախընտրել էր նման շեշտադրությամբ չներկայացնել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ` կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող եւ ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները` ահա դրանք.
Առաջին` ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով` Հայաստանի նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից:
Երկրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են:
Երրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում` մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման:
Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ճանապարհին` ահա սրանք են քաղաքական իմ պահանջները: Ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին, քաղաքական բոլոր գործընկերներին` անվերապահորեն պաշտպանել դրանք:
Ես կոչ եմ անում նաեւ բոլոր նրանց, ովքեր ցայսօր իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում օտար տերություններից կախյալ ավտորիտար, պլուտոկրատիկ եւ կոռուպցիոն իշխանակարգի դեմ իմ բողոքին` սատար կանգնել պարզ ու շիտակ այս պահանջներին:
Թանկագին հայրենակիցներ, մեր պետության ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս: Եկել է ժամը, երբ ազգը պետք է իր համար կարեւոր ընտրություն կատարի. ապրել առաջվա պես կամ վերափոխել իրեն վիճակված այսօրը:
Արդարությունը մեր զենքն է, հայաստանակենտրոն փոփոխությունների կամքը` հաջողության գրավականը:
Իսկ մնացյալի մասին` արդեն միասին եւ հավասարը հավասարի սկզբունքով, կխոսենք մեր հրավիրելիք բաց ժողովի ընթացքում, որը կկայանա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, առաջիկա մայիսի 21-ի ուղիղ կեսօրին: Կհանդիպենք»:




























