Անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկա է լիակատար փոխըմբռնում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովը` Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Բարձր գնահատելով ռազմավարական եւ դաշնակցային բնույթ կրող հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակն անվտանգության ոլորտում, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ դրանից է բխում նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների եւ նրանց աշխատակազմերի միջեւ իրականացվող սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հայ-ռուսական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցեր:

Մասնավորապես, դրանք վերաբերում էին սահմանային անվտանգությանը, ռազմատեխնիկական ոլորտին, տեղեկատվական անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցության, տարածաշրջանային խնդիրներին:

Կողմերն անդրադարձել են նաեւ այս տարվա հունիսի 1-2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին, ինչպես նաեւ սեպտեմբերին Եկատերինբուրգում անցկացվելիք Անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների երկրորդ միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքին: