Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Վրաց ուղղափառ եկեղեցու դերը չի արտացոլվի: Ինչպես հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի վերլուծական դեպարտամենտի տնօրեն Լաշա Դարսալիան, անվտանգության հայեցակարգը յուրահատուկ փաստաթուղթ է, որում խոսքը գնում պետության անվտանգության մասին:
«Մենք չենք տեսնում, թե ինչպես կարող է այդ փաստաթղթում արտացոլվել Եկեղեցու դերը եւ պատճառն այն չէ, որ դա անկարեւոր հարց է: Ուղղակի սա փաստաթուղթ է, որն ուղղված է Վրաստանի անվտանգությանը, իսկ Եկեղեցու հարցը կրում է սոցիալական բնույթ»,- ասել է Դարսալիան:
Նշենք, որ Անվտանգության հայեցակարգում Վրաց ուղղափառ եկեղեցու դերն արտացոլելու մասին պահանջ էին ներկայացրել քրիստոնյա-դեմոկրատները:
Հայեցակարգի նախագծի քննարկումը Վրաստանի խորհրդարանում սկսվել է այս տարվա փետրվարին, իսկ փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կընդունվի գարնան վերջին:





























