Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուզում է գալիք ընտրություններին ստանալ ամերիկահայերի քվեները, ապա պետք է հարգի իր տված խոստումները: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը: Նրա խոսքով, ամերիկահայ գաղութը հավատաց 2008թ նախագահի թեկնածու Օբամայի խոստումներին եւ զորավիգ եղավ նրան:
«Խոստումները բավարար չեն, նախագահը գործի մեջ պետք է ապացուցի իր խոսքը: Ի տարբերություն ուրիշ թեկնածուների, նա այժմ հնարավորություն ունի հարգելու իր խոստումը, նախագահ Օբամայի ձեռքում է`ամերիկահայ համայնքը կպաշտպանի՞ իրեն, թե` ոչ»,- ասաց Եղիսաբեթ Չուլջյանը:
Նրա խոսքով, ամերիկահայ գաղութն իր մասնակցությունը պետք է ունենա Ամերիկայի քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին, իսկ նախագահական ընտրություններում թեկնածուներին սատարելիս հաշվի կառնի ոչ միայն Ցեղասպանության խնդիրը, այլեւ ղարաբաղյան հարցը, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները եւ այլն:
Չուլջյանն ասաց, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակներ է ուղարկել Հանրապետական կուսակցությունը ներկայացնող տարբեր թեկնածուների, որպեսզի ընդլայնի կապերը նրանց հետ, կարողանա հստակեցնել իր ծրագրերը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթին, ապա Եղիսաբեթ Չուլջյանի ներկայացմամբ, ամերիկահայերը հիասթափված են Օբամայի ապրիլի 24-ի ելույթից, ինչի վկայությունը մի քանի հազար հայերի ցույցն էր Լոս Անջելեսում: «Նախագահը չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը, իսկ երբ նա լուռ է մնում Ցեղասպանության մասին, դա նշանակում է, տեղի է տալիս թուրքական կառավարության սպառնալիքներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ավանդական ուղերձով դիմել է հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրը, չցանկանալով 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն: Նա իր գրավոր ուղերձում 20-րդ դարասկզբին Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը»: Օբաման նաեւ ասել է, որ «պատմության վիճելի էջերը ապակայունացնում են ներկան եւ ստվեր գցում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին: Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ էլ կան մութ էջեր»: «Ես բազմաթիվ անգամ իր կարծիքն եմ արտահայտել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ իմ կարծիքը պատմությանը չի փոխվել: Փաստերի ամբողջական, արդարացի եւ ազնիվ ճանաչումը բխում է մեր շահերից: Ես աջակցում եմ երկխոսությանն ուղղված հայերի ու թուրքերի քայլերին` որում ընդունվում են նրանց ընդհանուր պատմության փաստերը»,- ասել է ԱՄՆ նախագահն ու ընդգծել է հայերի մեծ ներդրումը ԱՄՆ կյանքի տաբեր ոլորտներում: Նշենք, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն դեռեւս այն չի կատարել:




























