Ապրիլի 24-ին Տվերում հայկական ու ադրբեջանական համայնքների միջեւ ծեծկռտուքը կազմակերպված ակցիա էր, այլ ոչ ինքնաբուխ բախում: Կոնֆլիկտն սկսվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մոտեցել են հայկական եկեղեցուն եւ սկսել են կրակել, ոչ թե նրանց ձեռքում թուրքական դրոշ լինելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մեւոն Մանուկյանը, նշելով, որ տեղի ունեցածը փորձում են ներկայացնել այնպես, իբր, եղել է անչափահասների ծեծկռտուք:
Միաժամանակ, ըստ Մանուկյանի, կոնֆլիկտին մասնակցող ադրբեջանցիների միջին տարիքը 30-40 է եղել, թեեւ մասնակցել են նաեւ 20 տարեկաններ: «Ադրբեջանական կողմից այդ ողջ ընթացքը կառավարել են մարդիկ, որոնք գտնվել են Porsche cayenne եւ Toyota Land Cruiser մեքենաներում եւ ոստիկանների համար դժվարություն չի ներկայացնում գտնել այդ մեքենաները, որոնցից քաղաքում քիչ կա:
Միջադեպից հետո, որքան ինձ հայտնի է միլիցիայի աշխատակիցները սկսել են բոլորին ձերբակալել, սակայն դա չի նշանակում, որ ձերբակալվել են հենց կոնֆլիկտի իրական մեղավորները»,- նշել է նա:
Մանուկյանը նաեւ ասել է, որ միջադեպի ականատեսների տվյալներով, կոնֆլիկտն սկսվել է արմատական տրամադրված ադրբեջանցի երիտասարդների մեղքով: «Ապրիլի 24-ին տեղի ժամանակով 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ ադրբեջանցիներ մոտեցել է կառուցվող հայկական վանքին, որտեղ գտնվել են հայ համայնքի ներկայացուցիչները: Ներկաները հարգում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոտեցող ադրբեջանցիները սկսեցին գազային ատրճանակներից կրակել ներկաների ուղղությամբ, ինչի մասին են վկայում ոչ միայն հայերը, այլ նաեւ ռուսները: Բնական է, որ վիճաբանություն սկսվեց հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ, որից հետո կոնֆլիկտի կողմերն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ պայմանավորվեցին հանդիպել Սիլիկատի գործարանի մոտ»,- պատմել է Մանուկյանը:
Նրա ներկայացմամբ, հայ 30 հայ երիտասարդներ գնացել են հանդիպման վայր, որտեղ 50 մեքենայով ժամանել են շուրջ 100 ադրբեջանցիներ, զինված մահակներով: Նրանք հարձակվել են հայերի վրա եւ սկսել են ծեծել նրանց, նաեւ սկսել են կոտրել հայերի մեքենաները:
«Մենք նախատեսում ենք իրավապահների ուշադրությունը սեւեռել ազգամիջյան եւ միջկրոնական երկպառակություն մտցնելու փորձի վրա: Նրանք եկել ու սկսել են կրակել Զատիկի արարողության ժամանակ, որն ուղեկցվել է հայհոյանքներով, իսկ դա ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է»,- ընդգծել է Մանուկյանը, հավելելով, որ տուժածների հստակ թիվը պատրաստ կլինի ապրիլի 27-ին:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ապրիլի 24-ին Տվերում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին ըստ իրավապահների մասնակցել է 60 մարդ: 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:




























