WikiLeaks կայքը վերջերս տեղադրել է Թուրքիայի քաղաքականությանը վերաբերող երկու ուշագրավ հեռագիր: Ապրիլի 24-ին WikiLeaks-ը հրապարակել է Անկարայում Թուրքիայի դեսպանատան փաստաթուղթը, որը վերաբերում է թուրք- ֆրանսիական հարաբերություններում հայկական գործոնին:

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Իլկեր Բաշբուղը 2006թ. նոյեմբերին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան դադարեցնում է Ֆրանսիայի հետ ռազմական գործակցությունը, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

2011թ. ապրիլի 7 –ին կայքում հայտնվել է ԱՄՆ դեսպանության 2004թ. հեռագիրը` «Խելացնորություն» վերնագրով:  Համաձայն փաստաթղթի` «թուրքական պետությունը վախենում է պատմությունից, ինչն արտացոլվում է հայկական անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ թուրքական ժանդարմերիային տված հրամաններում»:

Ժանդարմերիայի աղբյուրը դեսպանատան աշխատակցին պատմել է, որ ժանդարմները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ այդ հրամանների կարեւորությունն ու հրատապությունը, քանի որ երկրի հարավ-արեւելյան հատվածում մնացել էր բառացիորեն մի քանի տասնյակ հայ: Վերջապես նրանք հասկացել են, թե ինչ  է անհանգստացմում Անկարային` խնդիրը փոքրամասնություն կազմող բնակչության հաշվառման ցուցակներն էին(nufus kutugu):

Այդ վիճակագրությունը տեղեկություններ է պարունակում, թե քանի քաղաքացի կարող է ունենալ հայկական արմատներ, հայ նախնիներ, ովքեր կարող էին թաքնվել զանգվածային ջարդերի եւ տեղահանության ժամանակ:

Պարզվել էր, որ հայկական արմատներ ունենալը բավականին տարածված երեւույթ է: Օրինակ գյուղերից մեկում ժանդարմները նույնիսկ մի  քան հայ իմամի են հանդիպել: Անատոլիայի շրջաններում  դեսպանատան աշխատակիցները երեք հանգամանք են արձանագրել` շարքային քաղաքացիների` 1915թ. իրադարձությունների վերաբերյալ իրազեկվածություն,  դրանք բոլորին պատմելու պատրաստակամություն եւ ակնհայտ հայկական արտաքին ունեցող մեծաթիվ մարդիկ:

Դեսպանատան հեռագրում ասվում է, որ «բնակչության հաշվառումը մի համակարգ է, որ հասել է օսմանյան շրջանից, այն ինչ –որ չափով նման է քրիստոնական երկրներում ծխական մատյաններին, որտեղ գրանցվում է մկրտությունը»:  Սակայն այդ nufus kutugu –ն ավելի մանրամասն է կազմվում: Սա, ըստ փաստաթղթի, վկայում է այն մասին, թե որքան զգոն է Թուրքիան եւ որքան է վախենում բնակչության շրջանում հնարավոր «օտար տարրերի» առկայությունից: