Ռուսաստանյան ТВЦ հեռուստաալիքը ապրիլի 27-ին «Կյանքի մասին» հաղորդման ընթացքում ռեպորտաժ կցուցադրի ադրբեջանցի դեռահասի կողմից սպանված դպրոցական Էդուարդ Մարգարյանի մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը։
Ըստ նրա՝ սյուժեն ցուցադրվելու է «Դպրոցական դաժանություն» շարքի շրջանակում։ Մինասյանը նշեց, որ Հայաստանի դեսպանատունը մեծ ուշադրություն է հատկացնում հայ դպրոցականի սպանության գործի քննությանը, եւ հետեւում է, որ քննությունն իրականացվի օբյեկտիվ եւ օրենքի շրջանակում։
Հիշեցնենք, որ տասներորդ դասարանցի Էդուարդ Մարգարյանին Մոսկվայի 501 դպրոցի բակում 2010թ. սեպտեմբերի 7-ին սպանել էր ադրբեջանցի 9-րդ դասարանի աշակերտ, ոմն Մամեդ։ Ականատեսների վկայությամբ՝ առաջացած ծեծկռտուքի ժամանակ, ադրբեջանցի Մամեդը մտածված այնպիսի հարվածներ է հասցրել Էդուարդին, որոնք կարող էին վերջինիս սպանել։ Որոշ տվյալների համաձայն, Մամեդը եղել է ոչ սթափ վիճակում։




























