Թերթը գրում է, որ միջազգային լրատվամիջոցներից հայ հանրությանը ավելի մատչելի Euronews-ն արդեն ձեւավորել է կայուն լսարան` մարդկանց մի ստվար շերտ` ամենայն մանրամասնությամբ հետեւող աշխարհի որեւէ անկյունում հեռարձակվող իրադարձություններին:
Եւ եթե անցյալ տարի հեռուստատեսությամբ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը անդրադարձ արվեց 1,5 մլն նահատակված հայերի ոգեկոչման արարողությանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապա այս տարի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ակնարկ իսկ չեղավ, այն պարագայում, երբ որեւէ այլ` ամենաաննշան իրադարձություն անգամ կարող է հայտնվել հեռուստաէկրանին, այն էլ` ոչ մեկ անգամ:
Սա առնվազն անարգանք է 1915 թ. թուրքերի կողմից սպանված միլիոնավոր անմեղ հայերի հիշատակին եւ ապրողների հիշողության ցավի հանդեպ վիրավորանք:
Թեեւ անսպասելի կամ արտառոց էլ չի կարելի երեւույթը դիտել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Euronews-ի 15,2 տոկոս բաժնետոմսերը 2010 թվականին գնեց Թուրքիան:




























