ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին կրկին հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին իր աջակցության մասին եւ հայտարարել է, թե ճիշտ է վարվել, որ բանաձեւը անցած տարեվերջին չի դրել քվեարկության Ներկայացուցիչների պալատում:
«Ես միացա Հայոց ցեղասպանության բանաձեւի աջակիցներին` փորձելով ապահովել այն ձայները, որ անհրաժեշտ էին, որպեսզի Ներկայացուցիչների պալատն ընդունի բանաձեւը», - երկուշաբթի օրը հայտարարել է Փելոսին, ով այժմ պալատի փոքրամասնության առաջնորդն է` շարունակելով. «Օրվա վերջին (թիվ 252) բանաձեւն ունեն 148 աջակից, եւ լուրջ մտահոգություն կար, որ բանաձեւը չի ստանա հաստատման համար անհրաժեշտ 218 քվեն», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թիվ 252 բանաձեւը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքայում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունները բնութագրում էր որպես ցեղասպանություն, եւ անցած տարվա մարտին քվեարկությամբ հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Հայամետ կոնգրեսականները անցած դեկտեմբերին փորձում էին բանաձեւն անցկացնել Կոնգրեսի տարեվերջյան նստաշրջանում:
Այդ փորձը ձախողվեց, քանի որ Փելոսին եւ Ներկայացուցիչների պալատում փոքրամասնության ղեկավար Սթենի Հոյերը կանխեցին քվեարկությունը:
Նրանց դիրքորոշումը դատապարտել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Խոսնակ Փելոսին հստակ կերպով ուներ բանաձեւն անցկացնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, իրավասություններն ու հնարավորությունը, սակայն քվեարկության չդրեց մարդու իրավունքներին վերաբերող այդ բանաձեւը», - այն ժամանակ ասել էր հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը:
Ամերիկայի հայկական համագումարը, մինչդեռ, կարծում էր, որ այդ հանգամանքներում բանաձեւը քվեարկության դնելը ռիսկի հետ էր կապված, քանի որ քվեարկությամբ այն մերժելը մի քանի տարով կհետաձգեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:




























