Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, գտնվելով Կոպենհագենում, սուր քննադատության է արժանացրել ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում իրականացովող գործողությունները։

 «Ասում էին՝ չենք ուզում սպանել Քադաֆիին, իսկ հիմա որոշ պաշտոնատար անձինք ասում են՝ այո, ձգտում ենք ոչնչացնել Քադաֆիին։ Իսկ ո՞վ է թույլ տվել նման բան անել։ Մի՞թե դատ է եղել։ Ո՞վ է իրեն իրավունք վերապահել մահապատժի ենթարկել Քադաֆիին»,- վարչապետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ իր կարծիքով, Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու նպատակը ցանկությունն է՝ ստանալ նավթի եւ բնական գազի պաշարները։ «Լիբիան նավթի պաշարներով Աֆրիկայում  առաջին տեղն է զբաղեցնում, գազի պաշարներով՝ չորրորդ տեղը»,- ասել է նա։

Նշենք, որ Լիբիայում իրավիճակը սրվեց Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ  պաշտոնանկ եղավ այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը: Զանգվածային խռովությունները Լիբիայում սկսվեցին 2011 թվականի փետրվարի 15-ին: Տարբեր աղբյուրների տվյալներով Լիբիայում զոհվել է շուրջ 10 հազար մարդ: Քադաֆին հայտարարել է, որ «կմեռնի միայն այդ հողի վրա»: